Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում Հայաստանի դեմ խաղին
Ֆուտբոլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում Հայաստանի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպմանը:
Macedonian Football-ի համաձայն՝ վնասվածքի ու այլ պատճառներով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին չեն օգնի թիմի առանցքային խաղացողներից Գորան Պանդևը («Ջենոա»), Էզգիան Ալիոսկին («Լիդս»), Էլիֆ Էլմասը («Նապոլի»), Էնիս Բարդին («Լևանտե»), Ստոլե Դիմիտրիևսկին («Ռայո Վալյեկանո») և Արիյան Ադեմին («Դինամո Զագրեբ»): Թիմի ևս 2 առանցքային խաղացողներ Բոբան Նիկոլովն ու Ստեֆան Սպիրովսկին խաղը բաց կթողնեն դեղին քարտերից որակազրկման պատճառով:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից հրավեր են ստացել Տոմե Կիտանովսկին, Դարկո Միցևսկին ու Դուշկո Տրայչևսկին:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին: