Գևորգ Ղազարյան. Հավատում եմ, որ կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստանի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Գևորգ Ղազարյանը նշել է, որ Հայաստանի հավաքականին բարդ հանդիպում է սպասվում, սակայն ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են և ամեն ինչ կանեն 3 միավոր վաստակելու համար:
«Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները հոգեբանական առումով դժվար դրության մեջ են, քանի որ պարտություն են կրել նախորդ խաղում, սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։
Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։
Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Գևորգ Ղազարյանը նաև նշել է, որ Կապառոսը հավաքականում կատարել է լուրջ փոփոխություններ, մարզումների ընթացքում ավելի շատ ուշադրություն է դարձվում դաշտում տակտիկական տեղաշարժերի և ճիշտ գոտիների վրա։
Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: