Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի երկնքում ռուսական ուղղաթիռի խոցվելու փաստը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում կրկին ներողություն է խնդրել Հայաստանի երկնքում ռուսական Մի-24 ուղղաթիռի ոչնչացման համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ի հետ զրույցում։
«Այսօր՝ տառացիորեն քիչ առաջ տեղի ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը ադրբեջանական կողմից կրկին Ռուսաստանից ներողություն հայցեց այդ ողբերգական պատահարի պատճառով։ Մոսկվան կրկին շեշտեց արագ, լիածավալ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Ռուսական Մի-24 ուղղաթիռը երկուշաբթի Ադրբեջանի սահմանի մոտ խոցվել էր Հայաստանի երկնքում։ Անձնակազմի երկու անդամները զոհվել էին, եւս մեկը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել էր, որ ուղղաթիռը խոցվել է հանրապետության զինված ուժերի կողմից «սխալմամբ», եւ որ Բաքուն պատրաստ է ՌԴ-ին փոխհատուցում վճարել։