Թրամփի վարչակազմը նախատեսում է ԱՄԷ-ին վաճառել 10 մլրդ դոլարի սպառազինություն
ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրես է ուղարկել ոչ պաշտոնական իրազեկում Արաբական Միացյալ Էմիրություններին 10 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու ծրագրերի մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսում աղբյուրին։
Խոսքը, մասնավորապես, բարձր ճշգրտության կարգավորմամբ սպառազինության, կառավարվող ավիացիոն ռումբերի եւ հրթիռների մասին է։
Սպառազինության վաճառքի ծրագրերի մասին իրազեկումը Կոնգրես է ուղարկվել ուրբաթ երեկոյան՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄԷ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու ծրագրերի մասին Կոնգրեսին իրազեկելուց անմիջապես հետո։
Այս կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունից հայտարարել են, որ մինչեւ Կոնգրեսին պաշտոնապես իրազեկելը իրենք չեն կարող հաստատել կամ մեկնաբանել ենթադրվող վաճառքի մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին հանդես էր եկել որպես ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ պաշտոնական կապերի հաստատման միջնորդ։
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն եւ Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն, որոնց անդամները նախկինում ԱՄԷ-ին քննադատում էին Եմենում իրադարձությունների պատճառով, զենքի հիմնական տեսակների վաճառքի հարցը ոչ պաշտոնական գործարքի շրջանակում քննարկում էին մինչ այն, երբ երկիրը օրենսդիր մարմին կուղարկեր պաշտոնական իրազեկումը։
Ցանկացած համաձայնագիր, որը ԱՄՆ-ն կնքելու է Մերձավոր Արեւելքի երկրների հետ, ըստ Իսրայելի հետ համաձայնագրի՝ պետք է երաշխավորի, որ մատակարարվող ամերիկյան սպառազինությունը չպետք է վատթարացնի Իսրայելի «որակական ռազմական գերազանցությունը» եւ երաշխավորի, որ Իսրայելին մատակարարվող զենքը «իր հնարավորություններով կգերազանցի» այն զենքին, որը վաճառվում է նրա հարեւան երկրներին։