ՌԴ-ն զգուշացրել է, որ գրոհայիններն ուզում են սիրիացի զինվորականներին մեղադրել թուրքական բանակին հարվածելու մեջ
Ահաբեկիչները մտադիր են գնդակոծություն կատարել Իդլիբի տարածքում, այնուհետեւ մեղադրել սիրիացի զինվորականներին թուրքական զորքերին հարվածելու մեջ: Այս մասին ճեպազրույցում ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Գրինկեւիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առկա տեղեկատվության համաձայն, ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները ծրագրում են գնդակոծություն իրականացնել Իդլիբ նահանգի Թեդիլ շրջանում` օգտագործելով ականանետեր եւ համազարկայաին կրակի հրթիռային համակարգեր: Ահաբեկիչները մտադիր են հրետակոծության հետեւանքների մասին տեսանյութեր տեղադրել իրենց ինտերնետային ռեսուրսներում, որպեսզի մեղադրեն Սիրիայի կառավարական ուժերին թուրքական զորքերի դիրքերին հարվածելու մեջ»,- ասել է նա:
Նախորդ օրը Գրինկեւիչը հայտնել էր, որ Հաշտեցման կենտրոնն իմացել է սիրիացի եւ ռուս զինվորականներին Իդլիբի դեէսկալացիայի գոտում բնակավայրերին հարվածելու մեջ մեղադրելու ծրագրերի մասին: Նա նշել է, որ ահաբեկիչները ցանկանում են անօդաչու թռչող սարքեր օգտագործել Սիրիայի Նախլայ բնակավայրի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման համար: Այնուհետեւ գրոհայինները նախատեսում են Դամասկոսի եւ Մոսկվայի դեմ մեղադրանքներով տեսանյութեր հրապարակել: