Լատվիան թույլ չի տա, որ ԲելԱԷԿ-ից էլեկտրաէներգիա մտնի երկիր
Լատվիայում հաստատվել է ծրագիր, որը կանխելու է Բելառուսի ԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի մուտքը երկիր, ասել է Լատվիայի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Ռոլանդ Իրկլիսը: Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է, որ Ռուսաստանը, որը միջցանցային միացում ունի Բելառուսի հետ, պետք է ապացուցի, որ Լատվիային մատակարարվող էներգիան չի արտադրվում ԲելԱԷԿ-ում, ասել է Իրկլիսը:
Ըստ նրա, ծրագիրը հաստատվել է նաև Էստոնիայում, սպասվում է որ այն Լիտվայում նույնպես կհաստատվի:
ԲելԱԷԿ-ը ռուս-բելառուսական ամենամեծ տնտեսական նախագիծն է: Գրոդնոյի մարզի Օստրովեց քաղաքում կառուցվում է 2400 ՄՎտ էլեկտրական հզորությամբ երկու ВВЭР-1200 ռեակտորներով կայան: Սա հանրապետության առաջին ատոմակայանն է: Թիվ 1 էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսվում է 2021-ի առաջին եռամսյակում, իսկ թիվ 2 էներգաբլոկը՝ 2022-ին:
Ըստ Լատվիայի, ԲելԱԷԿ-ի գործարկումն աշխարհի միջուկային անվտանգության համար ռիսկեր է պարունակում: