Ֆինանսական կառույցները պատրաստակամ են ներել զոհվածների, հաշմանդամ դարձածների վարկերը
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ փոխկապակցված անձ ասելով` նկատի ունեն ամուսնուն, համատեղ ապրող ծնողներին և համատեղ ապրող զավակներին:
«Ի տարբերություն նախկինում եղած նման օրենսդրական նախաձեռնությունների, այս մեկը առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն խոսքը տույժերին ու տուգանքներին է վերաբերում, այլ նաև վարկի մայր գումարին»,- ասաց Արման Պողոսյանը:
Օրենսդրական փոփոխություններն ընդունված են, հրապարակված են և ուժի մեջ են մտել, հետևաբար կարողեն արդեն կիրառվել: Արման Պողոսյանը նկատեց, որ սա հնարավորություն է բանկերի ու ֆինանսական կառույցների համար ներելու վարկային պարտավորությունները, այսինքն՝ օրենքով չի կարող դա պարտադրվել, որովհետև երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է:
«Պետությունը բանկերի և վակային կազմակերպությունների հետ կիսում է վարկի չմարման հետևանքով ձևավորված բեռը: Պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են օգտվել այս գործիքից և առավելագույն մեծ ծավալով մեծ վարկային պարտավորություններ ներել: Սա մենք արձանագրել ենք ֆինանսական կառույցների հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում: Այս առումով օերնսդրական փոփոխությունը սպասված էր, և ես համոզմունք ունեմ, որ այն առավելագույնս ծառայելու է իր նպատակին»,- ասաց նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ վարկային տեսակների հետ կապված օրենքով սահմանափակումներ չկան: