«Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ ԻՀՊԿ-ի հրամանատար
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։ Նա այդ մասին հայտարարել է սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ:
Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պակպուրը երկրի հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններ կատարած իր այցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններին, երկրի այդ տարածքները պաշտպանելու համար:
Հրամանատարը նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար:
Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որեւէ փոփոխության հետ:
Նշենք, որ Արցախում պատերազմի սկզբից ի վեր Իրանի տարածքում մի քանի հրթիռ է ընկել: