ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը ինքնամեկուսացել է
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եթովպիա կատարած ուղեւորությունից հետո, որի ընթացքում նրա պատվիրակության անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, ինքնամեկուսացել է: Այս մասին Բորելը գրել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երեքշաբթի կեսօրից հետո ես տեղեկություն ստացա, որ պատվիրակության անդամներից մեկը, ով իմ եւ եվրակոմիսար Յանեզ Լենարչիչի հետ Եթովպիա էր մեկնել, կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել։ Ես թեստ հանձնել եմ կիրակի օրը վերադառնալուց հետո, եւ այն բացասական է եղել: Ես պատրաստվում եմ ինքնամեկուսանալ գործող կանոնների համաձայն եւ կսպասեմ երկրորդ թեստին»,- գրել է նա:
Բելգիայի ստանդարտների համաձայն, կորոնավիրուս ունեցող անձի հետ ցանկացած շփումից հետո անհրաժեշտ է մեկ շաբաթվա կարանտին պահպանել եւ երկու թեստ հանձնել։ Եթե թեստերից մեկը դրական է, կարանտինը երկարաձգվում է մինչեւ 14 օր՝ անկախ ախտանիշների առկայությունից: