Թուրքական նավը սեյսմիկական հետախուզման կուղարկվի Հունաստանի կղզիներից ոչ հեռու
Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12-22-ը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում՝ Հունաստանի կղզիներից ոչ հեռու զբաղվելու է սեյսմիկական հետախուզմամբ, հայտնում է Թուրքիայի ռազմածովային ուժերի օվկիանոսագիտության, ջրագրության եւ նավիգացիայի վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիան թողարկել է հերթական՝ Navtex միջազգային իրազեկումը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Oruc Reis-ը հետազոտություններ է անցկացնելու Ataman AND Cengizhan նավերի հետ համատեղ։ Daily Sabah պաբերականը նշում է, որ հետախուզումն անցկացվելու է հունական Կաստելորիզո կղզուց հարավ։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այս տեղեկությանն անդրադարձել է Twitter-ում՝ նշելով նավի անվանումը։
Աթենքի եւ Անկարայի հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկական հետազոտություններ էր անցկացնում Արեւելյան Միջերկրածովյան այն շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։ Հունաստանի Զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստականության։ Թուրքիան հետազոտություններ էր անցկացնում նաեւ այն շրջանում, որը Կիպրոսը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։
Դրանից կարճ ժամանակ անց Թուրքիան Oruç Reis հետազոտական նավը եւ ռազմանավերը դուրս էր բերել Միջերկրական ծովի արեւելյան հատվածից, Հունաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 22-ին հայտարարել էր Թուրքիայի հետ զոնդավորող շփումների վերականգնման շուրջ պայմանավորվելու մասին, որոնք ընդհատվել էին 2016 թվականին, իսկ առաջիկայում անցկացվելու էր շփումների 61-րդ ռաունդը։