ՀՀ առողջապահության նախարար. Համավարակի ընթացքում Ադրբեջանի այս ագրեսիան մարդկության դեմ ակտ է
Կարելի է ասել, որ Ադրբեջանի կողմից այս ագրեսիան մարդկության դեմ ակտ է: Այս մասին սահմանային բժշկական կենտրոններից մեկում ռուս եւ սերբ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ադրբեջանի կողմից համավարակի ժամանակ այս ագրեսիան, կարելի է ասել, մարդկության դեմ ակտ է, նույնիսկ ի հեճուկս միջազգային հանրության, ՄԱԿ-ի բոլոր կոչերին, որպեսզի բոլոր ռազմական բախումները առնվազն սառեցվեն համավարակի ընթացքում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ բուժկենտրոնում հիմնականում բուժվում են բեկորային վնասվածքներով պացիենտները, իսկ հրազենային վնասվածք ունեցողները շատ քիչ են, քանի որ մոտ մարտեր գրեթե չկան, եւ հակառակորդն օգտագործում է հրետանի, կամիկաձե-դրոններ ու հրթիռներ:
«Քաղաքացիական բժիշկներից, փառք Աստծո, կորուստներ չունենք: Տեղափոխումը մեզ մոտ շատ լավ կազմակերպված է Պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հետ: Այնպես որ, բոլոր փուլերը կատարվում են իրենց պատասխանատու անձանց կողմից: Նրանք կամ ռազմական սանիտարներ են, կամ ֆելդշերներ, այնուհետեւ արդեն բժիշկներ եւ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, որոնք տեղափոխում են Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների մասնագիտացված բժշկական հաստատություններ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նա լրագրողներին ասել է, որ խաղաղ բնակչության շրջանում այնքան վիրավորներ չկան, որքան զինվորականների շրջանում: Նրա հաշվարկներով՝ մի քանի տասնյակ են:
Նախարարը հայտնել է նաեւ, որ վաղը կայցելի Ստեփանակերտ: Նրա խոսքով, ինքը ժամանել է Արցախ բժիշկների հետագա գործողությունները համակարգելու համար: