Մեծ Բրիտանիան հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի հետ կորոնավիրուսի պատվաստանյութի հարցում
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանը առաջարկել է համագործակցել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցում, բայց բացասական պատասխան է ստացել, ասել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պետք է ասեմ, որ մենք լիովին բաց ենք այս փոխգործակցության համար, քանի որ սա, այնուամենայնիվ, առաջին պատվաստանյութն է (կորոնավիրուսի դեմ)»,- ռուս-բրիտանական «RussiaTALK Online 2020․ Ճգնաժամ՝ նոր հնարավորությունների ժամանակ» ներդրումային ֆորումի ժամանակ ասել է Կելինը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութը փորձարկում է անցնում Լատինական Ամերիկայում, Հնդկաստանում եւ այլ տարածաշրջաններում՝ պարզելու, որ այն ունի միայն դրական կողմեր եւ չունի բացասական ազդեցություն:
«Անհրաժեշտ է կապեր հաստատել պաշտոնական նախարարությունների միջեւ: Մեր կողմից դիմում է եղել Բրիտանիայի առողջապահության նախարարությանը, բայց, ցավոք, բացասական պատասխան ենք ստացել»,- ասել է ռուս դիվանագետը:
Օգոստոսին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է COVID-19-ի կանխարգելման աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյի անվան էլեկտրաքիմիայի եւ տեխնոլոգիայի հետազոտական կենտրոնի կողմից եւ արտադրվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Սյն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Պատվաստանյութը ներառում է դեղամիջոցի երկու բաղադրիչի ներարկում` երեք շաբաթ ընդմիջումով:
Կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Մոսկվայում սկսվել են սեպտեմբերի 7-ին, իսկ առաջին մասնակիցները պատվաստվել են սեպտեմբերի 9-ին: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությանը կմասնակցի 40 հազար կամավոր, նրանցից 10 հազարը կստանա պլացեբո, սա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու համար: