Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները ( Տեսանյութ)
Սահմանները բացելու հարցերը քննարկվում են ե՛ւ երկկողմ մակարդակում, ե՛ւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղեւորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան ինչ-որ սուր պահանջներ), քաղաքացիները Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենան։ Քաղաքացիները սրանից օգտվում են, իսկ ինչ վերաբերում է սահմանները բացելուն, ապա որոշիչ դեր են խաղում մեր երկրների համաճարակաբանական ծառայությունները»,- նշեց դեսպանը։
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ մի քանի ամիս շարունակ Երեւանում բողոքի ակցիաներ են անցկացնում իրենց Ռուսաստան գնալ թույլ տալու պահանջով։
Աղբյուրը՝ news.am