Լիտվայում կկազմակերպվի Հայաստանի անկախությանը նվիրված համերգ
Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակակիրների դափնեկիրներ, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ համերգային ծրագրով Լիտվայում կնշեն Հայաստանի անկախության 30-ամյակը: Համերգը նվիրվում է նաև օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանին, որը երգել է Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնում:
lrt.lt-ն հայտնում է, որ Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի և Լիտվայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված համերգը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Լիտվայի օպերային թատրոնում:
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ տոնը կարևոր է Լիտվայի համար, քանի որ Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ Հայաստանը Լիտվայի հետ հաստատել է առաջին դիվանագիտական հարաբերությունները:
Համերգին, որը վկայում է Հայաստանի և Լիտվայի բարեկամության մասին, հանդես կգա նաև տենոր Հովհաննես Այվազյանը, դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Երգիչներին նվագակցելու է օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գլխավոր դիրիժոր Ռիչարդս Շումիլա):