Ֆրանսիան անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը
Փարիզն անորոշ ժամանակով հետաձգել է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումը: Այս մասին երեքշաբթի` սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ագնես ֆոն դեր Մյուլը, փոխանցում է DW-ն:
Հաշվի առնելով ներկայիս հանգամանքները», որոշվել է հետաձգել Ֆրանսիա-Ռուսաստան անվտանգության համագործակցության խորհրդի նիստը, ասել է նա մամուլի ասուլիսին: Ֆրանսիայի արտգործնախարարությունը մանրամասներ չի հաղորդել երկկողմ հանդիպման հետաձգման պատճառի մասին, սակայն նշել է, որ այս թեմայով երկխոսություն է եղել ռուսական կողմի հետ:
Ըստ լրատվական գործակալությունների` հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 14-ին: Ֆրանսիացիները նոր ամսաթիվ չեն առաջարկել:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է ընդհանուր արձագանք մշակի Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորմանը, իսկ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռյոտգենը նշել էր, որ Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է դադարեցնեն միայնակ գործել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մեկնաբանելով Նավալնու թունավորումից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցների մասին քննարկումը` նա հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր եվրոպական ռազմավարություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Գերմանիան եւ Ֆրանսիան հրաժարվեն այդ ուղղությամբ իրենց միանձնյա ջանքերից:
Մասնավորապես, Մերկելի կուսակցությունից քաղաքական գործիչը կարծում է, որ Ֆրանսիան այլեւս չպետք է հույսը դնի Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական գործընկերության վրա, իսկ Գերմանիան, որն ավելի վաղ հավանություն էր տվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծին, պետք է հրաժարվի դրանից: