Jerusalem Post. Ժամանակն է, որ Արեւմուտքը դիմակայի Թուրքիային
Իսրայելը պետք է ավելի սերտորեն համագործակցի Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ այլ երկրների հետ, որպեսզի դատապարտի Թուրքիայի ավելի ագրեսիվ եւ անկարգ պահվածքը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, գրում է Jerusalem Post-ը:
Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է տարածաշրջանի առավել հակաիսրայելական երկրներից մեկը, որը հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի գլխավոր ահաբեկիչներին, ծովում մարտահրավեր նետելով իսրայելական դաշնակիցներին եւ հրեական պետությանը դատապարտելու համար անընդհատ օգտագործելով պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները, գրում է թերթը:
Անցած շաբաթ օրը Էրդողանը այս տարի երկրորդ անգամ Ստամբուլում ընդունել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիային եւ այլ պաշտոնատար անձանց՝ վրդովմունք առաջացնելով Վաշինգտոնում, որն այդ մարդկանցից մեկին կապում է ահաբեկչական հարձակումների, ինքնաթիռների եւ մարդկանց առեւանգման հետ:
Թուրքիան Հունաստանի եւ Կիպրոսի հետ վեճերի մեջ է ներգրավվել՝ Էգեյան եւ Միջերկրական ծովերում տարածքային ջրերի շուրջ, եւ նավեր է ուղարկել Կիպրոսի մոտ գազ որոնելու՝ այդ ջրերի հանդեպ իր իրավունքների մասին հայտարարելու համար:
Անկարան դեմ է արտահայտվել Հունաստանի եւ Կիպրոսի հետ Իսրայելի գազատարի գործարքին, գրում է թերթը՝ նշելով, որ գործարքը կարող էր ներառել Թուրքիային, եթե երկիրը ավելի շատ հակված լիներ աշխատել Իսրայելի հետ:
Նախատեսվում է, որ 6-7 միլիարդ դոլար արժողությամբ խողովակաշարով նախագիծը Իսրայելից եւ Կիպրոսի ջրերից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ կտեղափոխի հունական Կրետե կղզի, այնտեղից Հունաստանի մայրցամաքային մաս եւ եվրոպական գազային ցանց՝ Իտալիայով:
Միաժամանակ Թուրքիան, Իրանի հետ միասին, փորձում է համոզել երկրներին հարաբերություններ չհաստատել Իսրայելի հետ՝ քայլ, որը թերթը անվանում է «արմատապես կեղծավոր»՝ հրեական պետության հետ Անկարայի հարաբերությունների պատճառով:
Անկարան դատապարտել է Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագիրը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դիտարկում է իր դեսպանատունը Աբու Դաբիում փակելու եւ ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու հավանականությունը:
Էրդողանի վարչակարգի նման ռեժիմները «միայն ուժին են արձագանքում», կարծում է Jerusalem Post-ը՝ Իսրայելի դաշնակիցներին կոչ անելով դադարեցնել Անկարային խաղաղեցնելը, ինչը միայն նոր սպառնալիքներ կբերելի ամբողջ Միջերկրական ծովին։