Հայացած կոլումբացին. Ի՞նչ կտա Վբեյմար Անգուլոն Հայաստանի հավաքականին
Անգուլոն բավականաչափ հայացած է ու լավ ծանոթ է հայկական մտածելակերպին: Թասիբ, նամուս ասվածը և դաշտում կռվելու ցանկությունը նրա մոտ շատ մեծ է:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը: Երիտասարդ մասնագետը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Վբեյմար Անգուլոյի հետ, իսկ հիմա նաև կոլումբիացի կիսապաշտպանի մարզիչն է և լավ ծանոթ է նրա հնարավորություններին: Ըստ Արմեն Պետրոսյանի՝ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է մեծ օգուտ տալ Հայաստանի հավաքականին:
«Եթե Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները նկատել են նրան, դա արդեն մեծ պատիվ է «Գանձասար-Կապանի» համար: Մեր ֆուտբոլիստների՝ հավաքական հրավիրվելը շատ ուրախալի է, քանի որ մեր ցանկությունն է, որ մեր խաղացողներն օգուտ տան մեր հավաքականին: Ազգային հավաքականը դա այլ հասկացություն է, ազգի ու մեր բոլորիս պատիվն է:
Ես նաև խաղացել եմ Անգուլոյի հետ և կարող եմ ասել, որ նա շատ բարձր մարդկային ու ֆուտբոլային որակներով մարդ է: Նախորդ մրցաշրջանում նա քիչ խաղաժամանակ էր ստանում մենիսկի վիրահատության պատճառով և վերականգնողական փուլը սպասվածից երկար տևեց, բայց նա մրցաշրջանի վերջնամասից վերադարձավ նախկին մարզավիճակին: Մեր նպատակն այն էր, որ Վբեյմարը պատրաստ լինի և խաղա Հայաստանի հավաքականում:
Կարծում եմ՝ խաղադաշտի կենտրոնում նա մեծ օգուտ կտա հավաքականին: Իհարկե, հավաքականի մարզիչները մեզանից ավելի փորձառու են և կկարողանան ճիշտ օգտագործել նրան: Ես միայն ուրախ եմ, որ հավաքականի մարզիչները նկատել են նրան: Վստահ եմ, որ Անգուլոն օգտակար կլինի ազգային թիմի համար:
Նա արդեն 5 տարի ապրում է Հայաստանում, բավականաչափ հայացած է ու թասիբ, նամուս ասվածը և դաշտում կռվելու ցանկությունը նրա մոտ շատ մեծ է»,- նշեց մարզիչը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: