WikiLeaks-ն առանցքային դեր է խաղացել 2016-ի նախագահական ընտրությունների վրա ազդեցության ռուսական արշավի մեջ. զեկույց
WikiLeaks վեբկայքն առանցքային դեր է խաղացել 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդեցության ռուսական արշավի մեջ եւ, հավանաբար, իմացել է, որ օգնում է ռուսական հետախուզությանը, նշված է ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի զեկույցում:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը ԱՄՆ 2016 թվականի ընտրություններից առաջ եւ հետո համագործակցել է ռուսների, այդ թվում՝ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ Մանաֆորթի դերը եւ նրա մերձավորությունը Թրամփին ռուսական հետախուզության համար ստեղծել են հնարավորություններ։ Զեկույցի հեղինակների խոսքով՝ Մանաֆորթի պատրաստակամությունը «տեղեկություններ փոխանցել այն անձանց, որոնք սերտորեն կապված են ռուսական հատուկ ծառայությունների հետ․․․ստեղծել է լուրջ հակահետախուզական սպառնալիք»։
Սա ընտրություններում Թրամփի հաղթանակին օգնելու Ռուսաստանի փորձերի վերաբերյալ կոմիտեի անցկացրած հետաքննության արդյունքներով հինգերորդ եւ վերջին գլուխն է։ Հետաքննությունը տեւել է 3,5 տարի։
Նախորդ գլուխներում սենատորները համաձայնվել են ամերիկյան հետախուզական ծառայությունների այն եզրակացություններին, որ Ռուսաստանը փորձել է Թրամփին օգնել՝ տարածելով նրա մրցակից Հիլարի Քլինթոնին անվանարկող տեղեկություններ։