Ո՞ր դեպքում «Լոռին» կհրաժարվի Հայաստանի առաջնության մասնակցությունից
Վանաձորի «Լոռին» կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների պատճառով չներկայացավ Երևանի «Ուրարտուի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղին: Օրեր առաջ ակումբը պաշտոնապես հայտարարել էր, որ օգոստոսի 19-ին կայանալիք «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանի այս առաջնությանը մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը պատմել է, թե որ դեպքում ակումբը կհրաժարվի Հայաստանի առաջնության մասնակցությունից:
Պարոն Գրիգորյան, «Լոռին» օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա «Ուրարտուի» դեմ օգոստոսի 17-ին նախատեսված խաղում, որը տեղի չունեցավ: Հիմա ի՞նչ վիճակ է ակումբում, թիմը շարունակո՞ւմ է մարզումները, կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր կա՞ն:
Այս պահին վարակման նոր դեպք չունենք: Կային 2 մեկուսացված խաղացողներ, բայց, փաստք Աստծո, նրանց թեստերի պատասխանները բացասական են: Նրանք արդեն միացել են թիմին: Օգոստոսի 5-ին անցկացվել է առաջին մարզումը: Այս պահին մարզումներն ընթանում են:
Ակումբի հայտարարությունում նշված էր նաև, որ օգոստոսի 19-ին կայանալիք ժողովի ընթացքում կքննարկվի մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։ Իրադարձությունների ո՞ր զարգացման դեպքում «Լոռին» կարող է հրաժարվել Հայաստանի առաջնության մասնակցությունից: Ֆեդերացիայի հետ քննարկումներ լինելո՞ւ են:
Ֆեդերացիայի հետ քննարկումներ լինում են, քանի որ մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, սակայն այդ որոշման վրա դա չի կարող ազդել: Որոշումը կկայացվի ժողովի մասնակիցների կարծիքների հիման վրա: Յուրաքանչյուրը կհայտնի իր կարծիքը, և կքննարկենք ստեղծված իրավիճակը: Կանխակալ որոշում այս պահին չեմ կարող հայտնել, թե ինչ կորոշի ժողովը: Ամեն դեպքում, այս պահին ակումբը շարունակում է բնականոն աշխատանքը մինչև ժողովի անցկացումը:
Իսկ Դուք ո՞ր տարբերակին եք հակված: Առաջնության մասնակցությունից հրաժարվելը ծա՞նր որոշում կլինի Ձեզ համար:
«Լոռիից» բացի, մենք մարզում ֆուտբոլի զարգացման համար պատասխանատվություն ենք կրում, և քանի որ ինքս շատ եմ սիրում ֆուտբոլ, ինձ համար նման որոշում կայացնելը շատ բարդ կլինի: Լինելու են ազատ, դեմոկրատական լսումներ, քննարկումների ընթացքում բոլորը կունենան իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն:
Գյումրիի «Շիրակի» նախագահի պաշտոնից հեռացած Արման Սահակյանը իր որոշումը բացատրել էր, որ չի ցանկանում, որպեսզի իր ու ֆեդերացիայի անձնական հարաբերություններն ազդեն թիմի ամբիցիաների վրա: Ըստ Ձեզ՝ «Լոռիի» դեպքում նույնն է տեղի ունենում:
Եթե ես ունենամ նման կասկածներ, կընտրեմ պայքարելու ավելի լայն մասշտաբներ, որպեսզի խուսափենք այդ ամենից: Ամենայն անկեղծությամբ եմ նշում, որ նման բան չեմ նկատում: Իհարկե, լինում է, որ մեր գրությունները չեն ընդունվում, բայց չեմ կարծում, որ դա կամակորություն կամ ցանկություն է:
Դուք և Արմեն Մելիքբեկյանը մրցակիցներ էիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում: Հիմա ձեր հարաբերություններն ինչպիսի՞ են:
Ընտրությունն իր ստվերը գցել է, բայց մեր հարաբերությունները նորմալ են՝ աշխատանքային: Այս պահին իմ նպատակներն ուղղված են ֆուտբոլի զարգացմանը և մարզում մանկապատանեկան ֆուտբոլի ու գլխավոր թիմի առաջընթացին:
«Լոռիի» հայտարարությունից հետո ՀՖՖ-ն պարզաբանում էր ներկայացրել ստեղծված իրավիճակի առթիվ՝ նշելով նաև, որ ակումբը չի մարել նախորդ մրցաշրջանի պարտքն ու հայտավորել գեթ մեկ ֆուտբոլիստ: Ո՞րն է դրա պատճառը:
Դա սկզբունքային հարց էր: Սակայն, տեսնելով, որ «Ուրարտուի» դեմ խաղը չհետաձգվեց, մենք արդել մարել ենք պարտքը, ինչպես նաև սկսել ենք հայտավորել ֆուտբոլիստների: