Անմեղ մարդը կալանքի տակ է՝ քաղցկեղ ունենալու պայմաններում. «Մասիվցի Անդիկի» սպանության գործով մեղադրյալի պաշտպան
Նախորդ տարվա հուլիսին «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. իրեն առաջադրված մեղադրանքն էլ անհիմն է որակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ղարիբյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Նշենք, որ քրեական գործով օժանդակողի մասն անջատվել եւ արդեն դատարանում է. նիստը նախագահող դատավորն Արտուշ Գաբրիելյանն է։
«Իրեն մեղադրում են, թե իբր ինքն օժանդակել է սպանությունը կատարողին։ Մեղադրանքի հիմքում ընկած է մի հեռախոս, որը հայտնաբերվել է Ղարիբյանի տանը ու իբրեւ այդ հեռախոսում ինչ-որ ժամանակ քարտ է տեղադրված եղել, որից զանգ է եղել այն անձին, ով իբրեւ կատարել է սպանությունը»,- ասաց Սարդարյանը։
Պաշտպանը Ղարիբյանին առաջադրված մեղադրանքը որակեց անբովանդակ ու առանց կապի. «Վարույթն իրականացնող մարմինը բավարարել է այն, որ մարդուն սպանության մեջ մեղադրեն ու ուղարկեն դատարան։ Այսինքն՝ մենք պիտի ուրախ լինենք, որ ենթադրյալ սպանողը մեզ չի զանգահարել, թե չէ մենք էլ էինք դառնալու օժանդակող»։
Արսեն Սարդարյանն ասաց, որ Ղարիբյանը շուրջ մեկ տարի կալանքի տակ է. «Առաջին ատյանի դատարանը մեզ չի տրամադրում կալանավորման որոշումը, որպեսզի մենք այն բողոքարկենք Վերաքննիչ դատարան։ Անմեղ մարդուն պահում են կալանքի տակ՝ չարորակ քաղցկեղ ունենալու պայմաններում»։
Պաշտպանն ասաց, որ քրեական գործով որեւէ առերեսում չի եղել, մեղադրանքի հիմքում էլ ցուցմունք չկա. «Ինքն էլ չի հասկանում, թե ընդհանրապես իրեն ինչու են կալանավորել ու մեղադրանք առաջադրել»։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Ղարիբյանը տեղեկատվություն տրամադրելով եւ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով, օժանդակել է Սուլեյման Այուբովի Միիեւին, վերջինիս կողմից պատվերով մեկ ուրիշի ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի բակում գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված հրազենի` ատրճանակի գործադրմամբ Անդրանիկի Հրաչի Հարությունյանին սպանելուն:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դին:
Նշենք՝ Դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է ՌԴ Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված 1987 թվականին ծնված Սուլեյման Այուբովի Միիեւին, ով 2019 թվականի հունիս ամսին ժամանել էր Հայաստան, իսկ նույն թվականի հուլիսի 3-ին` մեկնել Հայաստանից:
2019 թվականի օգոստոսի 21-ին որոշում էր կայացվել նրան ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: