Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում կայացած խորհրդակցական հանդիպման ժամանակ փորձագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմեր քննարկեցին և վերանայեցին Հայաստանի՝ Անտառի ազգային նոր ծրագրի առաջին նախագիծը:
ՀՀ կառավարության պահանջով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ կողմից իրականացվող ծրագրերից մեկն իր աջակցությունն է ցուցաբերել փաստաթղթի մշակմանը, որը նպատակ ունի մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը ավելացնել առնվազն 20,1%-ով և, միևնույն ժամանակ, քաղաքականությունների բարենպաստ դաշտի ձևավորմամբ բարելավել ներկա անտառների վիճակը։
«Անտառի ազգային նոր ծրագիրը կդառնա Հայաստանի՝ անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված ջանքերի հիմնաքարը և կօգնի ապահովել անտառածածկի ավելացմանն առնչվող երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը», - նշեց ՊԳԿ-ի անտառտնտեսության պատասխատու՝ Նորբերտ Ռինքլեր-Ռաթոնյին։
Վերջին տասնամյակում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մշակվել են մի շարք քաղաքականությունների փաստաթղթեր, որոնք վերաբերում են անտառներին և դրանց կառավարմանը և նպատակ ունեին հետ շրջելու Հայաստանում անտառների դեգրադացման և գերօգտագործման միտումների անիվը։ Այս փաստաթղթերը ներառում են Անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը (2004 թ.), Անտառի ազգային ծրագիրը (2005 թ.), ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր և առնչվող փաստաթղթեր։
Այս նպատակին առաջնորդող աշխատանքները շարունակելու մտայնությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել էր ՊԳԿ-ին՝ տրամադրելու տեխնիկական օժանդակություն և հասցեագրելու անտառի ազգային վերանայված քաղաքականություն ու ռազմավարություն ունենալու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև վերանայելու Անտառի ազգային ծրագիրը։
Ծրագիրը նպաստում է Հայաստանում անտառների կայուն կառավարմանն ուղղված միջոցառումների ձևավորմանը, որը համահունչ է կառավարության առաջնահերթություններին, ՊԳԿ-ի տարածաշրջանային և համաշխարհային նպատակներին, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակներին։ Հիմնական գործընկերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարությունը և անտառտնտեսության ու համապատասխան ոլորտների պատասխանատու պետական մարմինները, ինչպես նաև բնապահպանության և բնական պաշարների կառավարման բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները։