Ռեփեր Թիմաթին լքել է Black Star-ը
Հանրահայտ ռեփեր Թիմաթին, որը հանդիսանում է Black Star պրոդյուսերական ընկերության հիմնադիրը, լքել է այն:
Թիմաթին այս մասին գրառում է տարածել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:
Նա գրել է, որ չի ցանկանում իր գրառումը վերածել «ծավալուն գրքի», պարզապես կասի, որ բազմաթիվ սեփական ծրագրեր ունի, և մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը կստանա՝ իր նոր ալբոմը լսելով, որը թողարկվելու է սեպտեմբերին:
«Սա ինքնաբուխ որոշում չէ: Սա գործընկերների կշռադատված քայլ է, մարդկանց, որոնք միասին անցկացրել են ավելի քան 20 տարի, երկրի երաժշտական շուկան գլխիվայր շուռ են տվել և կառուցել են միակ հաջողված բրենդը՝ հիմնված երաժշտության վրա: Բրենդը հայտնի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դռներ բացելով հարյուրավոր երիտասարդ անունների առաջ»,-հիշեցրել է ռեփերը:
Թիմաթիի խոսքով՝ երբ ետ է նայում, չի հավատում, որ Black Star-ը հիմնադրել է ինքնուրույն՝ առանց որևէ ներդրման:
«Այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ միայն ինքս ինձ, այլև հարազատներիս և միջավայրին ապացուցել, որ մենք ինչ-որ բան արժենք: Այսօր Black Star-ը վերածվել է «ընկերությունների մի խմբի»: Ըստ իս՝ մենք կորցրել ենք գրավչությունը և կենտրոնացել ենք վիճակագրության վրա, առանց որի իրականում ոչ մի խոշոր ընկերություն չի կարող ապրել: Մեր գործում ցանկանում ենք լինել «Գուգլ», «Ամազոն»: Իսկ ինձ հոգեհարազատ է Իլոն Մասկի կոնցեպտը: Եթե իհարկե հասկանում եք, թե ինչ մասին է խոսքը»,- ընդգծել է նա:
Ռեփերը խոստովանել է, որ վաղուց է ցանկացել ամեն բան փոխել, ամեն ինչ նոր էջից սկսել: Նրա հավաստիացմամբ՝ իրեն մեծ փոփոխություններ են սպասում, և այդ սպասումն անհանգստացնող սարսուռ է առաջացնում:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր առաքելությունը Black Star երաժշտական լեյբլում ավարտված է, բայց ռեփերը պահպանում է իր մասնաբաժինը և իրավունքները Black Star Burger, Black Star Karting, Black Star Car Wash նախագծերում: