Դեսպանատունը, Ռուսաստանի Հայերի միությունն ու Հայ Առաքելական եկեղեցին կոչ են արել չտրվել ադրբեջանցիների սադրանքին
Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր-Նախիջեւանի պատրիարքարանը եւ Ռուսաստանի Հայերի միությունը կոչ են արել հայ համայնքին չտրվել ադրբեջանցիների սադրանքին եւ չմասնակցել պատասխան գործողություններում։
«Ռուսաստանի տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն առաջացնում են անհանգստություն Ռուսաստանի բազմահազարանոց հայ համայնքի շրջանում, այլ նաեւ փաստացի կրում են մի շարք մարտահրավերներ ռուսական հասարակությունում ազգամիջյան համաձայնությունը պահպանելու հարցում։
Այս օրերին, ցավոք, մենք բախվել ենք ադրբեջանական փորձի հետ տեղափոխել հայ-ադրբեջանական սահմանին իրադրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք, եւ այդկերպ ստեղծել երկու ժողովուրդների համայնքների միջեւ կոնֆլիկտի օջախներ։
Ակնհայտ է, որ Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ քաղաքների տարբեր հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերի ռուսական սեգմենտում, կողմերի լարվածությունը մեծացնող բազմաթիվ սադրանքները կրում են կանխամտածված բնույթ եւ նպատակ են հետապնդում հայ համայնքին հրահրել պատասխան գործողություններ կատարելու, որոնք արգելված են օրենքով։
Այդ կապակցությամբ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին խնդրանքով չմասնակցել ինչ-որ նախաձեռնություններում, ակցիաներում կամ հավաքներում, ինչպես նաեւ զերծ մնալ սոցիալական ցանցերում եւ տարբեր մեդիա հարթակներում պատասխան գործողություններ կատարելու մասին կոչերից։
Խնդրում ենք նաեւ պահպանել զգոնություն եւ զսպվածություն, ինչպես եւ նախկինում պահպանել ՌԴ օրենքները, մշտապես կապի մեջ լինել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի եւ Նոր-Նախիջեւանի պատրիարքարանի, Ռուսաստանի Հայերի միության հետ, ինչպես նաեւ դիմել իրավապահ մարիններին հնարավոր սադրիչ գործողությունների դեպքում։
Հայտնում ենք նաեւ, որ մենք շարունակում ենք գտնվել ռուսական իրավապահ մարմինների եւ իշխանությունների հետ սերտ կապի մեջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելեւ նպատակով։
Հարգելի հայրենակիցներ,
Մեր միասնությունը, մեր համակարգված գործողությունները ՌԴ գործող օրենսդրության շրջանակում մեր առջեւ ծառացած հարցերի լուծման հնարավորություն են»,-նշված է հայտարարության մեջ։