ԱՄՆ Սենատն ընդունել է Պենտագոնի բյուջեի իր տարբերակը
ԱՄՆ Սենատն ընդունել է Ազգային պաշտպանության մասին օրենքի իր տարբերակը՝ քվեարկելով Պենտագոնի հաջորդ տարվա 740 մլրդ դոլար չափով բյուջեի օգտին: Նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ կարող է վետո դնել օրինագծի վրա, որը նախատեսում է Կոնֆեդերացիայի հերոսների պատվին անվանված ռազմական բազաների վերանվանում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Պաշտպանական բյուջեն ընդունվել է սենատորների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 14 դեմ, եւ դարձել է եզակի դեպքերից մեկը, երբ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը հրաժարվել է կատարել նախագահի պահանջը ռազմական բազաների վերանվանման անթույլատրելիության մասին:
Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը եւս ներառում է ռազմական օբյեկտների վերանվանման մասին դրույթ, որոնք անվանվել էին ի պատիվ 1861-1865 թվականների Քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկատիրական Հարավի կողմում մարտնչած գեներալների:
2021 թվականի պաշտպանական բյուջեի մեջ դրույթ է հավելվել ռուսական «Հյուսիսային հոսք-2» ստորջրյա գազատարի դեմ պատժամիջոցների խստացման մասին: Սենատորները համաձայնվել են պատժամիջոցներ մտցնել օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք նպաստում են խողովակների անցկացման համար նավերի վաճառքին, վարձակալմանը կամ տրամադրմանը, այդ նավերի արդիականացմանն օգնելուն, դրանց ապահովագրմանը կամ վերաապահովագրմանը: Պատժամիջոցները կառնչվեն նաեւ եւս մեկ ռուսական գազատարի՝ «Թուքական հոսքին»:
Հիմա, երբ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ընդունել են օրինագծի երկու տարբերակն էլ, Կոնգրեսում բանակցությունների մասնակիցները մի քանի շաբաթ բանակցելու են վերջնական փոխզիջումային համաձայնության շուրջ, որ վերացնեն բյուջեի երկու տարբերակների միջեւ տարբերությունները:
Այդ փոխզիջումային տարբերակը պետք է կրկին ստանա երկու պալատների հավանությունը՝ նախքան Սպիտակ տուն նախագահի հաստատմանն ուղարկելը: