Asbarez. Իսրայելից Բաքու զենքի մատակարարումը սպառնում է Հայաստանի հետ դաշինքին
Իսրայելի կողմից բռնապետական պետություններին զենքի վաճառքն աղետալի հետեւանքներ է ստեղծում ինչպես բուն երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, գրում է իսրայելցի ակտիվիստ եւ գրող Յարոն Վայսն Asbarez-ում հրապարակված իր հոդվածում:
«Անցյալ շաբաթ Ադրբեջանն իսրայելական հրթիռներ, անօդաչուներ եւ բարձր տեխնոլոգիական զենք է օգտագործել Հայաստանում ռազմական նշանակության թիրախների եւ խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար, ինչը հայերի մահվան է հանգեցրել եւ վնաս է հասցրել քաղաքացիական կառույցներին՝ դպրոցներին եւ գործարաններին»,- նշել է նա:
Հեղինակի խոսքով՝ Իսրայելում հայտարարում են, որ երկիրը սերտ հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ միայն Իրանի դեմ ռազմավարական ռազմական արշավի շրջանակներում, սակայն դա պարզապես քող է փողերի լվացման համար Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ զենքի առեւտրի շրջանակներում:
«Իրանի տարածքում բնակվող ադրբեջանցիները կրկնակի անգամ ավելի շատ են, քան Ադրբեջանի ողջ բնակչությունը»,- նշում է հեղինակը՝ կասկած հայտնելով, որ Բաքվի ռեժիմը կվտանգի իր ժողովրդին Իրանում՝ ռազմական դաշինք կազմելով Իսրայելի հետ (նշենք, որ իրանցի «ադրբեջանցիները» ոչ մի կապ չունեն Ադրբեջանի Հանրապետության եւ այնտեղ բնակվող ադրբեջանցիների հետ):
«Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ զենքի մատակարարման մասին պայմանագրի նպատակն է բարձրացնել Ադրբեջանի ռազմական կոմպետենտությունը Հայաստանի նկատմամբ եւ հարստացնել Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի դրամական միջոցների հոսքը»,- նշել է հեղինակը:
«Ադրբեջանական բանակն օգտագործել է Իսրայելում պատրաստված զենքը Հայաստանի՝ Իսրայելի բարեկամ երկրի վրա հարձակման համար, որը վերջերս հայտարարել էր Թել Ավիվում դեսպանատուն բացելու մտադրության մասին: ՀՀ նախագահն անցյալ տարվա հունվարին նույնիսկ այցելել էր Իսրայել եւ հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- հավելել է հեղինակը։
«Ակնհայտ է, որ իսրայելական զենքի արտահանման նպատակներից մեկը զենքի արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար միջոցներ ստանալն է»,- նշել է ակտիվիստը:
Ըստ նրա՝ Իսրայելում զենք վաճառողներն ամեն ինչ անում են, որպեսզի համոզեն իրենց հաճախորդներին Բաքվում ժամանակակից տեսակի զենքեր ձեռք բերել, որոնք Հայաստանը չի կարող ստանալ:
«Ադրբեջանական բանակի կողմից Իսրայելում արտադրված բարձր տեխնոլոգիական զենքի օգտագործումը մեծացնում է բռնության մակարդակը հակամարտության մեջ՝ դրդելով ադրբեջանցիներին հարձակվել հայկական բանակի վրա՝ իմանալով, որ նրանց շատ դժվար կլինի պաշտպանվել»,- նշեց ակտիվիստը՝ հավելելով, որ «իսրայելական զենքի արդյունաբերության լիդերները եւ դրա կառավարությունը համերաշխություն եւ բարեկամություն չեն ցուցաբերում Հայաստանի՝ Իսրայելի դաշնակցի նկատմամբ»: