«Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել Հայաստանից մրգերով բեռնատարները․ Տողանյան
Մոսկվայում Հայաստանից ներկրված մրգերի առեւտուրը նորմալացվել է, «Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել ժամանող բեռնատարները։ Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Մենք հետեւում ենք «Ֆուդ սիթի»-ում իրավիճակին։ Եթե բեռների սեփականատերերը որոշեն վերադառնալ այնտեղ, մեզ խոստացել են, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Երկու մեքենայի հաջողվել է մուտք գործել գիշերը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ վերադառնում են նորմալ աշխատանքի։ Ընդ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում Հայաստանից ներկրված մրգերի առեւտրի ու մատակարարման խնդիրներ չկան։ «Տեսնենք՝ կցանկանա՞ն արդյոք մարդիկ ժամանել «Ֆուդ սիթի» կամ կընտրեն այլ վայրեր»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում Տողանյանը հայտնել է, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են «Ֆուդ սիթի» շուկա, որպեսզի կարգավորեն հայկական մրգերի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն նրանց դուրս են հրավիրել տարածքից։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ստացել է հաղորդագրություններ հայկական ապրանքների արտահանողներից այն մասին, որ նրանց արգելվել է առեւտուր անել «Ֆուդ սիթի» շուկայում։ Նրա խոսքով՝ այդօրինակ տեղեկավտություն է ստացվել նաեւ բեռնատարների վարորդներից։
Դեսպանատունն ուսումնասիրել է իրավիճակը, տեղեկացրել է անհամապատասխանությունների մասին Մոսկվայի իշխանություններին, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելության աշխատակիցներն այցելել են շուկա, պատմել է Տողանյանը։ «Ֆուդ սիթի»-ի վարչակազմը չի ցանկացել լսել դեսպանատան ներկայացուցիչներին, չի խոսել նրանց հետ, այլ «ուժի միջոցով դուրս է հրավիրել» նրանց, հայտարարել է նա։
«Դուք տեսել եք տեսանյութը, որը տարածվել էր համացանցում։ Դրանում երեւում է, թե ինչպես են անվտանգության աշխատողներն արգելել նրանց [հայ արտահանողներին] գտնվել տարածքում»,-հայտնել է Տողանյանը։ Դեսպանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ «Ռուսաստանի տարածքում, Մոսկվայում կան իրավաբանական անկլավներ, որտեղ գործում են Ադրբեջանի օրենքները կամ կատարվում Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքները»։
«Եվ մեր վարորդների մեկուսացման հարցը դեռեւս արդի է։ Որոշ բեռնատարներ մեկնել են այլ առեւտրի կենտրոններ, մյուսները մնացել են այնտեղ եւ գտել իրենց ապրանքն իրացնելու միջոց»,-հայտնել է նա։ Տողանյանը նշել է, որ բացի այդ 50 բեռնատարներից, կան եւս շուրջ 150 մեքենաներ Հայաստանից ներկրված ապրանքով, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի հետ սահմանին կամ արդեն հատել են այն եւ ուղեւորվում են դեպի «Ֆուդ սիթի»։
Ընդ որում՝ դեսպանը նշել է, որ չի կարող ասել, որ միջադեպի հետ կապ ունեն հենց «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերը՝ ծնունդով Ադրբեջանից, «Կիեւսկայա պլոշադ» ընկերությունների խմբի հիմնադիրներ եւ համասեփականատերեր Գոդ Նասինովն ու Զարախ Իլիեւը։ «Չեմ կարող ասել՝ ով կապ ունի, տեղեկատվություն եւ իրավունք չունեմ։ Կարող եմ միայն ասել, որ մեր դեսպանատան աշխատակիցներին բռնի ուժով դուրս են հանել առեւտրի կենտրոնի տարածքից անվտանգության աշխատակիցները, եւ մեքենաները շարունակում են արգելափակված մնալ»,-հայտարարել է Տողանյանը։
Նշենք, որ «Ֆուդ սիթի» շուկան պատկանում է «Ֆուդ սիթի» ընկերությունների խմբին, որոնց սեփականատերերն են ծնունդով Ադրբեջանից ձեռնարկատերեր Գոդ Նասինովն ու Զարախ Իլիեւը։
Տեղեկատվությունը, որը «Ֆուդ սիթի» շուկայից դուրս են բերվել հայկական ապրանքով բեռնատարներ, տարածվել է սոցիալական ցանցերում ուրբաթ՝ հուլիսի 17-ին։ Այնուհետեւ Ռուսաստանի Հայերի միությունը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի իշխանությունների, այդ թվում՝ նախագահի վարչակազմի հետ։
Facebook-ի հայ օգտատերերը կազմակերպել են ֆլեշմոբ սոցիալական ցանցում, որպեսզի օգնեն իրացնել հայկական գյուղմթերքը, որի վաճառքն արգելվել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայում։
Մոսկվայում եւ մերձակա շրջաններում բնակվող հայերը ձեռք են բերել հայկական ծիրան, որպեսզի ապրանքը չփչանա։ Մոսկվայում ձեւավորվել էր մի քանի կիլոմետրանոց հերթ։
Շատերը պարզապես ժամանել էիր հայ արտահանողներին աջակցելու համար։
Հիշեցնենք, որ ծիրանի վաճառքը կազմակերպվել է Բուխտա մեծածախ առեւտրի կենտրոնում։ Այդ տարածքն առաջարկել է ռուսաստանաբնակ ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը, որի որոշման համաձայն՝ հայ արտահանողները կարող են անվճար կայանել իրենց բեռնատարները։