Կոնդիցիոների տակ նստած ժողովրդի տեղը որոշումներ են կայացնում. Եղեգնուտում բողոքի ակցիաները չեն դադարում
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լարված իրավիճակ է, բնակիչներն այսօր նույնպես շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ պահանջելով նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանին չվերականգնել նույն պաշտոնին։
Լրագրողների հետ զրույցում բնակիչներն ասացին, որ պահանջում են Արմավիրի մարզպետի հետ հանդիպում։ Նրանց հետաքրքրում է, թե ինչու պետք է նախկին համայնքապետը վերականգնվի այդ պաշտոնին.
«Զոհվածների համար որ պետք է գերեզմանաքար սարքեր՝ յուրացրել է, որը հաստատվել է եւ «02»-ով էլ ցույց են տվել, գնաց մաքրվեց եկավ ասում է՝ ես գյուղապետ եմ, մարզպետն էլ ասում է՝ հա, դու ճիշտ ես ասում, քիչ ես կերել, արի էլի կեր։ Երեւի նա այս գյուղի իրավիճակին ծանոթ չի, որ 34 տարի այս գյուղն ապրել է դատ ու դատարաններով է ապրել։ Մարզպետը պիտի այդ քայլին չգնար, գյուղը չցնցեր։ Հիմա որ մարզպետին պահանջենք էլ չի գալու, պատճառներ կբերեն, թե գործուղման է գնացել, չի գա, որովհետեւ իր սարքած գործերն է։ Թող ուրիշ մարդ գա նստի գյուղապետ, բայց ինքը չնստի։ Թող չմտածեն, թե էս հավաքով կվերջանա։ Ուր ասես գնալու ենք։ Մենք ենք ընտրողը, մենք էլ հանողն ենք։ Իմ քայլական պատգամավորներ ո՞ւր եք, պահանջում ենք մարզպետին ու պատգամավորներին, թող գան բացահայտեն։ Մարզպետը քնել հելել ու որոշել է, որ 34 տարվա գյուղապետը պիտի նորից շարունակի ղեկավարել։ Կոնդիցիոների տակ նստած ժողովրդի տեղը որոշումներ են կայացնում»։
Բնակիչներից մեկն ասաց, թե իրենց մարզպետարանից պատճառաբանում են, որ դատարանի որոշում կա: Այսպիսով Վարչական վերաքննիչ դատարանը մարզպետի 287 որոշումը համարել է չեղյալ, մնացածը ածանցյալ պահանջ է ներկայացվել:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։
Բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։ Նա էլ դիմել էր վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։