Այս պահին ունենք 444 ծանր, 131 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներ.39-ը միացված են արհեստական շնչառության սարքին. նախարար Թորոսյան
Շատ մեծ կուտակումների կան մոտ հասցեների ու նույն փողոցում եղած դեպքերի։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է եւ չեմ պատկերացնում այլ գործիք, քանի մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց:
Ակնհայտ է, որ մենք մյուս առումներով ավելի լավ ենք, բայց վատ ենք այդ հատվածում։
Նաեւ ուզում եմ հիշեցնե սգո արարողությունները, նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների նկատմամբ»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով թվերին Արսեն Թորոսյանն ասաց, որ առավոտյան դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը. «Նրանցից 9-ը թեթեւ ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 եւ ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։
Սակայն, ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում եւ կարիք ունեն տեղափոխման ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչեւ 200 կամ քիչ։ Բայց նվազելու միտում չկա»:
Նախարարը նկատեց, որ թեեւ միտումների առումով դրական տեղաշարժ կա, սակայն բացարձակ թվերի առումով վիճակը լավ չէ եւ դա լուրջ խնդիր է:
Արսեն Թորոսյանը խոսեց նաեւ մահճակալային տեղերի ավելացման մասին. «Մենք արդեն ունեն 263 ռեանիմացիոն մահճակալ ունենք, որ տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միեւնույն է, ազատ տեղեր չկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում եւ մեր բժիշկները արագ փորձում են մի թեթեւ ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։
Այս պահին ունեն 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստաական օդափոխության սարքերի վրա են»,-ընդգծեց Թորոսյանը: