Հայաստանը պատրաստ է ընդունել հայերին արտերկրից, այդ թվում՝ Լիբանանից. ԱԳՆ
Հայաստանը պատրաստ է ընդունել հայերին արտերկրից, այդ թվում՝ Լիբանանից: Այս մասին հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այնուամենայնիվ, ըստ նախարարի, Լիբանանի հայ համայնքի համար շատ կարեւոր է տեղում աջակցություն ցուցաբերելը:
Նա շեշտեց, որ Լիբանանում հայ համայնքը պետության ինստիտուցիոնալ համակարգի եւ Հայաստանի բարեկամ Լիբանանի հասարակական կյանքի բազմադավան ճարտարապետության մասն է կազմում: «Որպես երկրի օրինակելի քաղաքացիներ՝ լիբանանահայերը մյուսների հետ հավասար պայմաններով կիսում են այս երկրի եւ ձեռքբերումները, եւ դժվարությունները: Ազգատյացության ցանկացած դրսեւորում խիստ մտահոգիչ է եւ ուղղված է, առաջին հերթին, Լիբանանի ամբողջ հասարակության դեմ:
Վստահ ենք, որ լիբանանյան ամբողջ հասարակությունը խստագույնս կդիմակայի նման ցանկացած դրսեւորումներին»,- շեշտեց Մնացականյանը: Հայաստանը, ինչպես նշեց նախարարը, չի կարող հեռու մնալ այս խնդիրներից եւ մշտապես կապի մեջ է հայ համայնքի բոլոր կառույցների հետ: