ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը տեղափոխվել է Վաշինգտոնի իր նստավայրից անկարգությունների պատճառով
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը տեղափոխվել է Վաշինգտոնի իր նստավայրից անկարգությունների պատճառով։ Այդ մասին դիվանագետն ասել է «Առաջին ալիքի» եթերում, հաղորդում է Gazeta-ն։
«Ես ստիպված էի տեղափոխվել դեսպանատան տարածքից։ Եւ այժմ բնակվում եմ իմ ընկերների հետ»,-ասել է Անտոնովը։
Դեսպանատունը գտնվում է Վաշինգտոնի հյուսիս-արեւմուտքում, իսկ դեսպանի նստավայրը՝ Սպիտակ տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որտեղ մոլեգնում են բողոքի ցույցերը։
Անտոնովը հավելել է, որ դեսպանատան շենքը չի տուժել։
Մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանությունը բերման էր ենթարկել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Բերման ենթարկելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը։ Ֆլոյդը գոռում էր, որ չի կարող շնչել, սակայն իրավապահ մարմնի աշխատակիցն ուշադրություն չէր դարձնում։ Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում։ Դա հրահրել է զանգվածային բողոքի ցույցեր ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։