Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են աշնանը համավարակի հնարավոր տարածմանը. Նախարարները զրուցել են
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:
Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են բուժական եւ հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում եւ Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաեւ քննարկել փոխօգնության հնարավորությունները:
Կարեւորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձեւաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախեւառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։