Իրանը կարծում է, որ UIA-ի ինքնաթիռի «սև արկղերը» կարևոր տեղեկություններ չեն պարունակում
UIA-ի ինքնաթիռի խոցման հետ կապված Իրանում ընթացող հետաքննությունը «գրեթե ավարտված է», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի միջազգային և իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդը, հաղորդում է Al Arabiya-ն:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թեհրանը չի հավատում, որ օդանավի «սև արկղերը» կարևոր տեղեկություններ են պարունակում:
«Հետաքննությունը գրեթե ավարտված է, և որևէ անորոշություն չկա, մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Բահարվանդը լրատվամիջոցներին:
Բահարվանդի խոսքով, Իրանը պետք է վստահ լինի, որ «սև արկղերը» «չեն շահագործվի», նախքան դրանք երրորդ կողմին փոխանցելը:
«Իրանը կարող է «սև արկղերը» փոխանցել այն ընկերություններին, որոնք կարող են դրանք կարդալ պայմանագրային հիմունքներով»,- ասել է նա: