Գերմանական ինքնաթիռը ուղեւորվել է Իտալիա, սակայն հետ վերադարձել․ իտալական օդանավակայանը փակ էր
Շաբաթ Eurowings գերմանական լոուքոսթերը վերսկսել է թռիչքները Դյուսելդորֆից դեպի Սարդինիա, սակայն ստիպված է եղել հետ վերադառնալ, քանի որ Օլբիա իտալական օդանավակայանը դեռեւս փակ է, հաղորդում է CNN-ը։
EW9844 չվերթը պետք է թռներ 1170 կմ մինչեւ Օլբիա օդանավակայան, սակայն գտնվելով Սարդինիայի օդային տարածքում, տեղեկացվել է, որ օդանավակայանը փակ է կոմերցիոն փոխադրումների համար։
Airbus A320-ը որոշ ժամանակ պտտվել է օդանավակայանի երկնքում՝ հուսալով ստանալ վայրէջք կատարելու թույլտվություն, սակայն դա ապարդյուն էր։
Ինքնաթիռին առաջարկել են վայրէջք կատարել Սարդինիայի մեկ այլ օդանավակայանում՝ Կալյարիում, գրում է Corriere Della Sera իտալական թերթը, սակայն անձնակազմը գերադասել է կրճատել իր կորուստներն ու վերադարձել է Դյուսելդորֆ։
Այդ փոքր էքսկուրսիան Արեւմտյան Եվրոպայում, որին մասնակցել է երկու ուղեւոր, տեւել է 4 ժամ, 10 րոպե։