Չինաստանը ժամանակին չի ընդունել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար միջոցառումները ժամանակին չի ընդունել: Վաշինգտոնը մտադիր է պարզել, թե դա ինչով էր պայմանավորված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում վիրուսի մասին խոսելիս նշել էր. «Այն Չինաստանից է եկել: Այն պետք է անմիջապես կասեցնեին: Նրանք նախընտրել են դա չանել, կամ ինչ-որ բան է տեղի ունեցել: Բանը կա՛մ ոչ բանիմացությունն է, կա՛մ: Նրանք ինչ-որ պատճառով դա չեն արել»: «Մենք ստիպված ենք պարզել, թե ինչ պատճառ էր դա»,- շեշտել է Թրամփը:
Թրամփը վստահ է, որ Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ամենավաղ փուլում են սխալ կատարել, այնուհետեւ մոլորության մեջ են գցել միջազգային հանրությանը՝ փորձելով այն թաքցնել:
«Կարծում եմ, որ դրանում կասկած չկա»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե համարո՞ւմ է արդյոք, որ Չինաստանը միջազգային հանրությանը մոլորության է մատնել: «Մենք ցանկանում էինք [կորոնավիրուսի դեմ պայքարին] միանալ շատ վաղ փուլում, իսկ նրանք չցանկացան, որ դա անենք: Եվ դուք դեռ կտեսնեք, թե դա որքան վաղ է եղել»,- հավելել է Թրամփը:
«Ես անձամբ կարծում եմ, որ նրանք հրեշավոր սխալ են թույլ տվել եւ չեն ցանկացել դա խոստովանել»,- ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կիրակի հայտարարել էր Վաշինգտոնի տրամադրության տակ եղած ապացույցների մասին, որ կորոնավիրուսն իբր սկսել է տարածվել Ուհանի լաբորատորիայից: Պոմպեոն դրական էր պատասխանել հարցին այն մասին՝ համարո՞ւմ է արդյոք, որ վիրուսն արհեստականորեն էր ստեղծված: Պետքարտուղարը նաեւ Չինաստանի իշխանություններին հերթական անգամ մեղադրել է վիրուսի տարածման մասին տեղեկությունների մի մասը թաքցնելու մեջ: