ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին կազմավորման 28-ամյակը (Լուսանկար)
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն ապրիլի 27-ին նշել են իրենց կազմավորման 28-ամյակը: ԱԱԾ-ի լրատվությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, տնօրենի տեղակալները, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ:
ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Բոլոր ժամանակներում սահմանին ծառայելը եղել է պետական հատուկ նշանակության խնդիր: Այսօր էլ սահմանապահ զորքերը շարունակում են մնալ ՀՀ պետականության հուսալի պաշտպանության, երկրի անվտանգության եւ նրա սահմանների ամբողջականության ապահովման երաշխավորը: Ժամանակի ընթացքում փոխվում են մեր երկրին ուղղված սպառնալիքների բնույթը, անվտանգային իրավիճակը, մարտածառայողական գործունեության պայմանները, բայց ինչպես նախկինում, ներկայում եւս, առաջնային են մնում Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, հավատարիմ լինելու ավանդույթը եւ սահմանապահ զորքերի նվիրվածությունը: Ներկայիս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում նույնպես ջանք չեք խնայում ձեր ստանձնած պարտականություններն արժանապատվորեն եւ արհեստավարժ կատարելու համար»,- շնորհավորական ուղերձում ասաց Մարտիրոսյանը:
ԱԱԾ տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց սահմանապահներին՝ անձնվեր ծառայության եւ Հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար:
Սահմանապահի օրվա կապակցությամբ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին պարգեւատրեց արժեքավոր նվերով: ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության մեջ ունեցած ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգեւատրվեցին «Սահմանային համագործակցության համար», «Անառիկ սահման», «Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալներով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Պատվավոր սահմանապահ» կրծքանշաններով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: