Ռուսաստանի ՆԳՆ-ն պարզաբանել է օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու ասպեկտները
Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան պարզաբանել է COVID-19-ի պատճառով կարանտինային միջոցառումների գործողության շրջանում Ռուսաստանում գտնվող օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու ասպեկտները, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Եթե օտարերկրյա քաղաքացին Ռուսաստանի տարածք է ժամանել, կարեւոր չէ ինչ նպատակով, իրավունք ունի այս ժամանակահատվածում՝ մարտի 15-ից հունիսի 15-ը, աշխատել առանց թույլատրող փաստաթղթերի: Տարբերություն կա միայն վիզայով եւ առանց վիզայի ժամանած քաղաքացիների համար»,- նշված է «ՆԳՆ Մեդիա» կայքում հրապարակված Կազակովայի հարցազրույցում:
Նրա պարզաբանմամբ՝ եթե օտարերկրյա քաղաքացին ժամանել է վիզայով, ապա գործատուն պետք է ունենա օտարերկրյա աշխատուժ ներգրավելու վերաբերյալ ավելի վաղ ստացած թույլտվություն: Ռուսաստան առանց վիզայի մուտք գործած օտարերկրացիները իրավունք ունեն աշխատելու առանց արտոնագիր ստանալու:
Կազակովան նշել է, որ գործատուները, ինչպես նախկինում, պարտավոր են միգրացիոն ստորաբաժանումներ իրազեկումներ ուղարկել օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու եւ ազատելու մասին: «Սա անչափ կարեւոր է աշխատանքի շուկայի իրավիճակի գնահատման համար, որ հասկանանք՝ օտարերկրյա քաղաքացիներից ով է աշխատում, իսկ ով է աշխատանքը կորցրել»,- պարզաբանել է նա:
Նրա խոսքով՝ սովորաբար մարտ-ապրիլին դիտվում է «արտոնագրերի ձեւակերպման կրկնակի աճ», բայց ընթացիկ տարում սեզոնային աշխատողների հոսք չի լինի, «ուստի անչափ կարեւոր է ունեցած աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխումը»: