Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ «Կայունից» «Բացասականի»
Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի (ԷԴՎ) կանխատեսումը՝ «Կայունից» «Բացասականի» եւ ԷԴՎ-ն (Long-term Issuer Default Rating - IDR) հաստատել է «BB-» մակարդակում, նշված է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Fitch Ratings կայքում:
Ըստ մամուլի հաղորդագրության՝ COVID-19-ի հետեւանքով ցնցումը Հայաստանի տնտեսության վրա բացասաբար է անդրադառնում՝ հումքային ապրանքներից, Ռուսաստանի տնտեսությունից եւ տուրիզմից տնտեսության կախվածության պատճառով, ինչը միայն մասամբ է փոխհատուցվում նավթի ցածր գներից ստացված օգուտով:
«Սա կապված է Հայաստանի համեմատաբար բարձր զուտ արտաքին պարտքով եւ ընթացիկ գործողությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտով, որը միայն մասամբ է ֆինանսավորվում պարտքային պարտավորություններ չստեղծող կապիտալի ներհոսքի հաշվին»,- նշում են հեղինակները:
«Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ աճը 2021 թվականին մասամբ կվերականգնվի 5,5 տոկոսով, ինչը կպահպանվի ներքին պահանջարկի վերականգնմամբ, ներդրումների աճով եւ մասնավոր պահանջարկի ու հարկաբյուջետային քաղաքականության չափավոր նվազման պայմաններում զբաղվածության աճի աշխուժացմամբ»,- նշում են հեղինակները՝ հավելելով, որ վերականգնման տեմպերը զգալիորեն կախված են լինելու ճգնաժամի ընթացքից:
Fitch Ratings-ի կանխատեսումների համաձայն՝ պետական պարտքը կաճի 2019 թվականի վերջի ՀՆԱ 53,6 տոկոսից 2020 թվականին մինչեւ 59,2 տոկոսի, այնուհետեւ 2021 թվականին կնվազի մինչեւ 56,0 տոկոս:
Կորոնվիրուսի հետեւանքով ցնցումը Հայաստանի տնտեսության համար արտաքին ռիսկերը մեծացրել է: Fitch-ը կանխատեսում է, որ ընթացվիկ գործարքների հաշվի դեֆիցիտը կմնա բարձր. 2020 թվականին ՀՆԱ 8,5 տոկոս եւ 2021 թվականին 8,1 տոկոս՝ համեմատած 2018-2019 թվականներին միջին ցուցանիշի հետ, որը հավասար էր 8,8 տոկոսի, նշում են հեղինակները:
Ինչ վերաբերում է առանցքային առաջարկներին, հեղինակները նշել են. «Fitch-ը կարծում է, որ Հայաստանը կշարունակի լայն սոցիալական եւ քաղաքական կայունություն զգալ, եւ որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հակամարտության տեւական էսկալացիա չի լինի այն մակարդակով, որը կկարողանար ազդել տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա»:
Գործակալությունում նաեւ ակնկալում են, որ մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանելու են Fitch-ի գլոբալ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներին, բայց ընդունում են, որ, հավանաբար, կենթարկվեն հաճախակի եւ հնարավոր է՝ զգալի փոփոխությունների նվազման ուղղությամբ՝ հաշվի առնելով գլոբալ ճգնաժամի էվոլյուցիոն բնույթը: