Ո՞վ է Հայաստանի հավաքականում Խոակին Կապարոսի իսպանացի օգնականը (Լուսանկարներ)
Այն բանից հետո, որ Խոակին Կապարոսը գլխավորեց Հայաստանի հավաքականը, հայտնի դարձավ, որ իր մարզչական շտաբում կընդգրկվի ևս մեկ իսպանացի մասնագետ:
Եվ ահա նախօրեին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում «Միստերը» ներկայացրեց իր մարզչական շտաբը, որում տեղ գտավ նաև Լուսիանո Մարտին Տոսկանոն:
NEWS.am Sport-ը «Հայկական շեշտադրումով փոքրիկ իսպանական հետաքննություն» է իրականացրել և կպատմի Ձեզ 47-ամյա մասնագետի մասին, որին հայրենիքում անվանում են շատ պարզ` Luci:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ
«Սևիլիայի» երկրորդ թիմում կարիերան սկսած Լուսիանո Մարտինը 90-ականների երկրորդ կեսին մոտ 100 հանդիպում անցկացրեց «Ռեկրեատիվոյի» կազմում, որտեղ և ծանոթացավ 1996-ից 1999-ը Ուելվան ներկայացնող թիմը գլխավորած Խոակին Կապարոսի հետ:
Մի քանի հանդիպում «Լևանտեի» կազմում, այնուհետև համեստ «Սեուտա» և «Սան-Ռոկե». 2005-ին «խաղակոշիկները մեխից կախած» Լուսիանոյի ֆուտբոլային կարիերան հազիվ թե կարելի է նշանավոր համարել:
«ՈՐ ԱՍՈՒՄ ԵՄ ԵՍ` ԱՐՈՒՍԸ ՀԵՏՍԱ»
Սակայն, «Ռեկրեատիվոյից» հասարակ տղան իսկական հայտնություն դարձավ Կապարոսի համար, որն ընդգրկեց նոր-նոր կարիերան ավարտած Լուսիանոյին «Դեպորտիվոյում» իր մարզչական շտաբում:
«Որ ասում եմ ես` Արուսը հետսա». «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մոտիվներով Լուսիանոն անփոխարինելի դարձավ «Միստերի» համար իր գլխավորած բոլոր թիմերում` «Աթլետիկ», «Գրանադա», «Մալյորկա», «Լևանտե», «Օսասունա», Քաթարի «Ալ-Ահլի», շվեյցարական «Քսամաքս»:
Հենց Լուսիանոյին Կապարոսը վստահեց իր առաջին օգնականի դերը, երբ ֆորս-մաժորային իրավիճակում պետք է «փրկեր» «Սևիլիան» 2018-ին, իսկ այնուհետև Կապարոսի նախաձեռնությամբ Luci-ն գլխավորեց անդալուսյան ակումբի երկրորդ թիմը: Դա Մարտինի առաջին ինքնուրույն մարզչական փորձն էր:
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ-ՊԵՐՖԵԿՑԻՈՆԻՍՏ
«Եթե ֆուտբոլիստը չի հետևում մարզիչի հրահանգներին և քեզ անցանկալի անակնկալ է մատուցում` դա պարզապես կոտրում է քո խաղային ծրագիրը»,- «Սևիլիա Բ»-ի հանդիպումներից մեկից հետո նշեց իր թիմի խաղից դժգոհ Լուսիանո Մարտինը, որը միշտ մեծ ուշադրություն է դարձնում խաղային կարգապահությանը, մրցակիցների վերլուծությանը և փորձում է հասցնել այդ գործոնները կատարելության:
Ասում են, որ Լուսիանոն անկրկնելի վերլուծաբան է և արդեն հասցրել է մանրակրկիտ կերպով ծանոթանալ մեր հավաքականի ֆուտբոլիստների և ազգային թիմի հավանական նորեկների հնարավորություններին:
Դե ինչ, հուսով ենք, որ Կապարոսին և իր մարզչական շտաբին կհաջողվի մեր հավաքականին հասցնել նոր մակարդակի և վերջապես իրագործել հայ երկրպագուների նվիրական երազանքը: Քաթար-2022, ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ:
Նյութի աղբյուրը՝ News.am Sport