Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կհետաձգվի. Պուտինը տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է երկրի բոլոր քաղաքացիներին։ Տեսաուղերձի ժամանակ Պուտինը հայտնել է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կհետաձգվի նախապես հայտարարված ամսաթվից՝ ապրիլի 22-ից, ինչը պայմանավորված է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածմամբ։
BBC-ն հայտնում է, որ իր տեսաուղերձում Պուտինը շեշտադրել է հանրային առողջությունը և նշել, որ այդ նպատակով է հետաձգվում հանրաքվեն։ Այս պահին հանրաքվեի հստակ օրը հայտնի չէ։ Նրա խոսքերով՝ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի զանգվածային տարածում երկրում չլինի, սակայն Ռուսաստանի աշխարհագրական դիրքի պատճառով, հնարավոր չէ ամբողջությամբ հսկողություն սահմանել վիրուսի նկատմամբ։
Բացի այդ, Պուտինը հաջորդ շաբաթը հայտարարել է ոչ աշխատանքային։ Նրա խոսքերով՝ նման որոշումը կարևոր է, որպեսզի նվազեցնեն հիվանդության տարածման արագությունը։ Բնականաբար, ոչ աշխատանքային ռեժիմը չի տարածվի դեղատների, խանութների, բանկերի, տրանսպորտի և իշխանության մարմինների վրա։
Պուտինը նաև հայտնել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել սոցիալական պաշտպանության, ռուսաստանցիների եկամուտների և աշխատավայրերի պահպանման ոլորտներում։ Նախագահը կոչ է արել բանկերին թույլատրել ռուսաստանցիներին ժամանակավորապես կասեցնել ինչպես հիպոթեքային, այնպես էլ սպառողական վարկերի մարումն այն պարագայում, եթե քաղաքացու եկամուտները կրճատվեն ավելի քան 30 %-ով։
Երկրից դուրս եկող բոլոր դիվիդենտների հարկային շեմը կբարձրացվի։ Պուտինի գնահատականներով՝ արտասահման է դուրս գալիս այդպիսի եկամուտների երկու երրորդը, և անհրաժեշտ է բարձրացնել 2 % հարկը և դարձնել 15 %: Վերջում ՌԴ նախագահը կոչ է արել համախմբվել։