Ամերիկյան սենատորները փորձում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև գնային պատերազմը
Ամերիկյան սենատորները ուժեղացրել են ճնշումը Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի վրա՝ փորձելով դադարեցնել գնային պատերազմը, որը փլուզել է նավթի համաշխարհային գները, հայտնում է Reuters-ը։
Սենատորները բանակցություններ են վարել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ, ինչպես նաեւ կոչ են արել Դոնալդ Թրամփին էմբարգո դնել Ռուսաստանից եւ Սաուդյան Արաբիայից նավթի վրա։
Նավթի գները չորեքշաբթի օրը ընկել են մինչեւ 18-ամյա նվազագույն մակարդակ, եւ դա տեղի է ունեցել աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար սահմանափակումների խստացման ֆոնին, ինչը նվազեցնում է վառելիքի պահանջարկը։
Շուկայում նավթի մասնաբաժնի համար Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պատերազմը, որը սկսվեց ՕՊԵԿ+-ի գործարքի խափանումից հետո, ուժեղացրել է գների անկումը։ Բացի այդ, որոշ ամերիկյան օրենսդիրներ Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային մեղադրել են նրանում, որ նրանք ուզում են հարված հասցնել թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողներին, որոնք ավելի բարձր արտադրական ծախսեր ունեն։
«Ցավոք, Ռուսաստանի ահաբեկելու մարտավարությունը սովորական է դարձել, սակայն մեր մտերիմ ռազմավարական գործընկերոջ՝ Սաուդյան Արաբիայի գործողությունները հատկապես անհանգստացնող են»,- Թրամփին ուղղված նամակում նշել է հանրապետական սենատոր Քեւին Քրամերը։
Նամակում Քրամերը նախագահին կոչ է արել էմբարգո սահմանել Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից եւ «ՕՊԵԿ-ի այլ երկրներից, ինչպիսին Իրաքն է» նավթի վրա։
Քրամերը եւ ինը այլ հանրապետական սենատորներ չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա Բինտ Բանդար ալ Սաուդի հետ՝ հույս ունենալով համոզել թագավորությանը դադարեցնել համաշխարհային նավթային շուկաների գերհագեցումը։