Թուրքիան առաջարկել է ընդունել Եվրո-2020-ը
Թուրքիան ՈւԵՖԱ-ի ղեկավարությանն առաջարկել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Թուրքիայի ստադիոններում, տեղեկացնում է AS-ը:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հույս ունի, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ հարաբերությունները կարող են վճռորոշ դեր ունենալ Եվրո-2020-ը Թուրքիայում անցկացնելու հարցում:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պնդում է, որ ազգային հավաքականների ֆուտբոլիստների առողջությանը Թուրքիայում որևէ վտանգ չի սպառնա, քանի որ երկրում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը չի գերազանցում 10-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը, որը հնարավորություն կտա ամռանն ավարտել եվրոպական երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:
Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը նախատեսված է անցկացնել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում: