«Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-23-ը փակ կլինի
«Դալմա Գարդեն մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը մարտի 16-23-ը փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։
Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։
Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։
Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։
Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։
Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության:
Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,-նշված է հայտարարության տեքստում։