Պուտինը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները 3 է գնահատել
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների մակարդակը հիմա կարելի է գնահատել «երկուսի եւ երեքի միջեւ, բայց երեքին ավելի մոտ»,- կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դե, գրեթե երեք»,- ՏԱՍՍ-ի «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար հարցազրույցում նա այսպես է պատասխանել 5 միավորանոց սանդղակով երկու երկրների ներկայիս հարաբերությունները գնահատելու խնդրանքին: Որպես ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական պահերի օրինակ՝ Պուտինը բերել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ վերջին 2 տարում փոխադարձ ապրանքաշրջանառության աճը:
Ընդ որում՝ ՌԴ առաջնորդը համաձայն չէ այն թեզին, որ միջազգային ասպարեզում ամերիկացի ազգը կարող է հատուկ իրավունքներ ունենալ: Նա հիշեցրել է, որ այս մասին ավելի վաղ խոսել է այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: «Նա արդեն ասել է, որ ամերիկացիները հատուկ ազգ են, նրանք հատուկ իրավունքներ ունեն, էքսկլյուզիվ, գրեթե ամբողջ աշխարհի վրա, ես սրա հետ չեմ կարող համաձայնել»,- ասել է Պուտինը:
Նա շեշտել է, որ «Տերը բոլորին միատեսակ է ստեղծել՝ միատեսակ իրավունքներով»: «Ուստի ասել, թե որեւէ մեկն ինչ-որ բանի վրա էքսկլյուզիվ ունի, ինձ թվում է՝ բացարձակապես արդարացված չէ»,- եզրափակել է ՌԴ նախագահը:
Խոսելով ամերիկացի նախագահների հետ իր հարաբերությունների մասին՝ Պուտինն ասել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի հետ միմյանց անունով են դիմում: «Նա ինձ Վլադիմիր է ասում, ես նրան՝ Դոնալդ»,- ասել է ՌԴ առաջնորդը:
Նա դժվարացել է ասել, թե ամերիկացի նախագահներից՝ սկսած 2001 թվականի հունվարին Սպիտակ տունը լքած Բիլ Քլինթոնից, ում հետ է ավելի հարմար եղել շփվելը: «Ես բոլորի հետ իրականում բավականին կառուցողական հարաբերություններ եմ ունեցել»,- նշել է Պուտինը: Նա, մասնավորապես, հիշել է Ջորջ Բուշ կրտսերի հետ «լավ հարաբերությունները», որ նախագահել է 2001-2009 թվականներին: