«Հայաստանի քաղաքական իշխանությունը հակահայ քաղաքականություն է վարում». Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական հանդիպումներն Ասկերանի շրջանի գյուղերում շարունակվեցին նաեւ մարտի 5-ին։ Այսօր նա Պատարա, Խանցք, Դահրավ, Աստղաշեն, Հովսեփավան համայնքներում էր։ Ինչպես նախորդ հանդիպումներում, այստեղ էլ բարձրացվող հիմնական հարցը Արցախի անվտանգությունն էր։
«Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, եւ աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարեց Բալասանյանը։
Ապա նա ընտրողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ շարունակելու է լինել իր տոհմի եւ ազգի նվիրյալ զինվորը. ծառայել եւ ծառայելու է Արցախին եւ Հայաստանին։ «Շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տալու քաղաքական առումով հարցը լուծել ոչ հայանպաստ ձեւով։ Այդ 12.000 քմ կիլոմետրը մերն է թե՛ պատմական, թե՛ իրավական առումով։ Թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ մյուս երկրներին ունենք ներկայացնելու փաստեր՝ պատմական ապացույցները, որ մեր պատմական հայրենիքն ավելին է, քան այդ 7 շրջանները։ Իրավական առումով եւս այս տարածքները պատկանում են մեզ եւ մերն են լինելու։ Թույլ չենք տալու հողերը շահարկման առարկա դարձնել։ Համոզված եմ՝ ողջ հայությունն ինձ հետ համակարծիք է»,- ընդգծեց Բալասանյանը՝ հիշեցնելով իր եւ իր թիմի կարգախոսը՝ «Հաղթանակը չի վաճառվում»։
Մարտի 5-ը, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է, եւ այդ առիթն օգտագործելով, նա եւս մեկ անգամ երդվեց հայրենակիցների առջեւ՝ լինել նվիրյալ զինվոր, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի անվտանգության եւ ապահովության։ «Ուզում եմ անկեղծ լինել. երբեւէ խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու, ծառայել եւ ծառայելու եմ իմ ժողովրդին։ Լինելու եմ խրամատում այն ժամանակ, երբ վտանգ կսպառնա Արցախին եւ Հայաստանին։ Այսօր եւս մեկ անգամ, իմ ծննդյան օրվա կապակցությամբ, երդվում եմ իմ 5 թոռների եւ մեր բոլոր փոքրիկների անունով՝ ազնիվ ծառայել մեր երկրին»,- ասաց Բալասանյանը։ Գյուղացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Բալասանյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական համայնքի վերաբնակեցման հայտարարություններին, նշելով, որ որեւէ քայլ, որ կսպառնա արցախցիների անվտանգությանը, կասեցվելու է։ «Եկեք եւս մեկ անգամ համախմբվենք, թույլ չտանք մեզ տարանջատեն, թույլ չտա՛նք։ Կարճ ժամանակում մեր ուժերը համախմբենք, ներդնենք եւ այս վիճակից շուտ դուրս գանք։ 1988-ի փետրվարյան օրերից հետո մեր շրջանը եզակի է եղել, որ շատ արագ համախմբվեց եւ միաբանվեց, զորք ստեղծեց եւ ուղարկեց ճակատ։ Ու նվազագույն կորուստներով մենք հասանք մեծ հաջողությունների։ Եկե՛ք կրկնեք մեր հաղթանակը»,- կոչ արեց Բալասանյանը։ Հանդիպման ավարտին նա բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ ծննդյան օրվա կապակցությամբ: