Ծեծկռտուք՝ թուրքական խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել այն բանից հետո, երբ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Էնգին Օզկոչը մեղադրանքներ է հնչեցրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հասցեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օզկոչը պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին ԺՀԿ ղեկավար Քեմալ Կիլիչդարօղլուի հասցեին, որին նախագահը դավաճան է անվանել՝ ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու նրա առաջարկի։ Ընդդիմադիր պատգամավորն իր հերթին Էրդողանին մեղադրել է թուրք զինվորների մասին խոսելիս «kelle» (մեռած մարմնի կոպիտ անվանում) բառի գործածության համար, ինչպես նաեւ դավաճան է անվանել Էրդողանին։
Այս հայտարարությունը կտրուկ արձագանք է առաջացրել ԱԶԿ իշխող խմբակցության պատգամավորների շրջանում, որոնք սկզբում վիճաբանություն են սկսել, այնուհետեւ անցել են ձեռնամարտի ընդդիմադիրների հետ։ Ծեծկռտուքին մասնակցել են երկու կուսակցությունների մի քանի տասնյակ պատգամավորներ։ Խորհրդարանի նիստն ընդհատել են։