Հայկական կողմը հայ-իրանական սահմանով հաղորդակցության սահմանափակումները կերկարաձգի ևս 2 շաբաթով. նախարար
Հաշվի առնելով Իրանում համաճարակաբանական իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել հայ-իրանական սահմանով հաղորդակցության սահմանափակումները եւս 2 շաբաթով երկարաձգելու մասին՝ նվազագույնը մինչեւ մարտի 24-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ որոշումը հրապարակվելու է այսօր եւ ուժի մեջ կմտնի վաղը՝ մարտի 4-ին: Բացառությունները, որոնք գործում էին որոշ դեպքերում (օրինակ՝ բեռնափոխադրողների համար), նույնպես ժամանակավորապես կհանվեն:
Նախարարը նաեւ հայտնել է, որ պացիենտը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իրեն լավ է զգում, նա չունի ո՛չ բարձր ջերմություն, ո՛չ որեւէ այլ ախտանիշներ: Նույնը վերաբերում է նաեւ նրա հետ շփված մարդկանց, որոնց 2 օր առաջ մեկուսացրել են Ծաղկաձորում: Նրանցից ոչ մեկը հիվանդ չէ:
Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ գարնանը վիրուսներից շատերը սկսում են նահանջել, եւ նույնը պետք է սպասել նաեւ այս դեպքում. տաքանալուն զուգահեռ շատ վիրուսներ, այդ թվում կորոնավիրուսները կնահանջեն: