Թուրքիան պահանջել է անթռիչք գոտի ստեղծել Սիրիայի երկնքում
Թուրքիան պահանջել է անթռիչք գոտի ստեղծել Սիրիայի երկնքում, հայտնում է Sabah-ը: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը թվիթերյան իր էջին գրառում է կատարել այն մասին, որ «Ռուսաստանն ու Իրանը, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կկորցնեն իրենց ամբողջ հեղինակությունը, եթե չդադարեցնեն ռազմական գործողություններն Իդլիբում»:
Սիրիայում իրավիճակը կրկին սրվել էր փետրվարի 28-ի գիշերը. Թուրքիայի զինված ուժերը կրակահերթի տակ էին ընկել Իդլիբ նահանգում: Արդյունքում, առնվազն 33 զինվոր էր զոհվել: Ըստ Sabah-ի, վերջին միջադեպը նշանակում է, որ այս ամիս նահանգում 53 թուրք անվտանգության աշխատակից է զոհվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իդլիբում զանգվածային հարձակման փորձ են իրականացրել:
Սիրիական զորքերի կրակահերթի տակ հայտնված թուրք զինվորականները հարձակվող զինյալների շարքերում են եղել, հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչությունում: Նախարարությունում նաեւ հավաստիացրել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այս տարածքում չեն կիրառվել: