Թուրքական իշխանությունները բաց չեն թողել Օսման Կավալային բանտից՝ չնայած, որ դատարանն արդարացրել է նրան
Թուրքական դատախազությունը երեքշաբթի երեկոյան կրկին կալանավորել է հայտնի բարերար Օսման Կավալային՝ 2016թ․ պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, եւ դա ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ դատարանը արդարացրել էր նրան ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով եւ վճռել էր ազատ արձակել։
Ստամբուլի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ ինքը պլանավորում է բողոքարկել դատավորների կոլեգիայի որոշումը, որը Օսման Կավալային անմեղ է ճանաչել։ Դատախազությունը հայտարարել է, որ Կավալան կմնա բանտում մինչեւ այլ գործով հետաքննության ավարտը։
Ավելի վաղ, երեքշաբթի օրը, դատավորների կոլեգիան արդարացրել էր Կավալային եւ ութ այլ ակտիվիստների, որոնք մեղադրվում էին 2013թ․ հակակառավարական ցույցերի հետ կապ ունենալու մեջ։ Նրանց մեղադրել էին թուրքական կառավարությունը տապալելու համար ցույցեր կազմակերպելու մեջ։
Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է Թուրքիայում սահմանադրական կարգը տապալելու փորձը՝ ենթադրաբար կապելով այն 2016թ․ հեղաշրջման փորձի հետ։
Նորությունը ապշեցրել է Կավալայի ավելի քան հարյուր կողմնակիցներին, որոնք սպասում էին նրան բանտի մուտքի մոտ, որտեղ նա անցկացրել է ավելի քան երկու տարի՝ գտնվելով նախնական կալանքի տակ։
Կալանավորման նման վճիռներ, որոնք փոխում են դատական որոշումները, կայացվել են նաեւ նախկինում, հայտնում է AP-ը։
Կավալան հիմնադրել է Anadolu Kultur հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է խաղաղությանն ու երկխոսությանը նպաստող մշակութային ու գեղարվեստական նախագծերով։
Նա կալանավորվել էր 2017-ին, Գեզի այգու ցույցերից չորս տարի անց։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերին նրան անհապաղ ազատ արձակելու որոշում էր կայացրել՝ հայտարարելով, որ Կավալայի կալանավորման երկարաձգումը «նրան լռեցնելու» եւ «քաղաքացիական հասարակությանն ահաբեկելու» նպատակ է ունեցել։
Կավալան հերքել է մեղադրանքներն այն մասին, որ կազմակերպել եւ ֆինանսավորել է 2013թ․ բողոքի ցույցերը։