Մեծ Բրիտանիան կստեղծի 1,6 մլրդ դոլար արժողությամբ սուպերհամակարգիչ, որը կկանխատեսի եղանակը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի 1,2 մլրդ ֆունտ սթեռլինգ (1,6 մլրդ դոլար) արժողությամբ սուպերհամակարգիչ, որը թույլ կտա մեծացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանանք ավելի ստույգ եւ ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարեւոր է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել է բրիտանական օդերեւութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փենի Էնդերսբին։ Սպասվում է, որ սուպերհամակարգիչը պատրաստ կլինի 2022թ․։ Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկները եւ ջրհեղեղները հասցնում են կենսական կարեւոր ենթակառուցվածքներին։
Financial Times թերթի տեղեկատվության համաձայն, սուպերհամակարգչի ստեղծումը գլոբալ տաքացման դեմ պայքարի բրիտանական իշխանությունների ծրագրի մի մասն է։
Մեծ Բրիտանիայում հզոր հատուկ հաշվիչ մեքենայի ստեղծման հայտարարությունը հնչել է երկրին վրա հասած «Դենիս» փոթորկի աղետի ֆոնին։ ԶԼՄ-ները հայտնում են, որ դրա հետեւանքով կա մեկ զոհ։ Երկրում հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ, մասամբ դադարեցվել են երկաթուղային փոխադրումները։