Անում ենք ամեն ինչ, որ աշխարհն անվտանգ դառնա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում փետրվարի 10-ին տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Դիվանագետի օրվան, որ նշվում է Ռուսաստանում։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ՀՀ ԱԳՆ, Ազգային ժողովի եւ Կառավարության ներկայացուցիչներ։
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին դիմեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հարգելի գործընկերներ, թանկագին բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ այստեղ՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում, որտեղ մենք, ինչպես Ռուսաստանում, ռուսական բոլոր դիվանագիտական առաքելություններում, նշում ենք մեր մասնագիտական տոնը՝ Դիվանագիտական աշխատողի որը։ Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում ռուսական դիվանագետների բոլոր սերունդներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել պետականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Ռուսաստանի եւ նրա ժողովրդի շահերի պաշտպանության գործում։ Հատուկ երախտագիտությամբ ենք պատվում դիվանագիտական ծառայության վետերաններին, հպարտությամբ ենք հիշում մեր այն գործընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին՝ գտնվելով հայրենիքի անտեսանելի արտաքին տարածքում»,- ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքերով՝ այսօր ռուսական դիվանագիտությունը վստահորեն զարգանում է՝ հենվելով անցյալի ամուր հիմքի, մեծ նախնիների հսկայական փորձի վրա, օգտագործելով ներկայի պոտենցիալը եւ հայացք նետելով ապագային։ «Գործադրելով բոլոր ջանքերը երկրի շահերը, նրա քաղաքացիներին եւ հայրենակիցներին պաշտպանելու համար՝ Ռուսաստանի Դաշնությունը, դիվանագիտական ծառայությունը շատ հետեւողականորեն աշխատում են, որպեսզի աշխարհը լինի ավելի անվտանգ, ժողովրդավարական եւ կանխատեսելի։ Ուզում եմ ընդգծել միջազգային ասպարեզում ռուս եւ հայ դիվանագետների սերտ համագործակցությունը, որը լիովին արտացոլում է մեր երկրների միջեւ հարաբերությունների միութենական բնույթը»,- ընդգծեց ՌԴ դեսպանը։